Վազգեն Գալստանյանը երեկ Բաղրամյանում
տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հունիսի 12-ի ոստիկանության գործողությունները
համեմատել է 2008 թվականի մարտի մեկի դեպքերի հետ։ Միաժամանակ նա նշել է, որ այն ժամանակ
արյունալի այդ դեպքերի պատասխանատուն այդ ժամանակ ընդդիմությունն էր, իսկ 2024-ի հունիսի
12-ի պատասխանատուն՝ իշխանությունը։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի
նախագահ Լևոն Բարսեղյանը դրական է գնահատում այն, որ Եկեղեցին ու Վազգեն Գալստանյանը
ի վերջո սկսել են տեսնել այսօրինակ դեպքերը և արձագանքել։ Միաժամանակ, սակայն, նկատեց՝
2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ցուցարարները 10 օր շարունակ
խաղաղ ցույցեր են արել, երբեք չեն գրոհել պետական որևէ շենքի վրա, երբեք չեն հարձակվել
ոստիկանների վրա։ «Ոստիկանությունն ինքն է հարձակվել ցուցարարների վրա, երբ ցուցարարները
գտնվում էին պետական կառավարական շենքերից ահագին հեռու և առավոտյան վեցն անց կես կամ
յոթի կողմերը խաղաղ քնած են եղել. ոչ մի ցուցարար նախահարձակ չի եղել։ Սա ամենասկզբունքային
և ամենածանրակշիռ տարբերությունն է, ինչ կա բախումների դեպքերում՝ 2008-ի և 2024-ի
միջև։ Չնկատել սա՝ նշանակում է լինել կա՛մ բացարձակ անտեղյակ, կա՛մ անմեղսունակ։ Ոչ
ոք չի կարող ասել, որ Վազգեն/Բագրատ Գալստանյանը անմեղսունակ կամ անտեղյակ է»,- ասաց
Բարսեղյանը։
Ըստ Բարսեղյանի՝ Վազգեն Գալստանյանի
վարկանիշը սկսում է տուժել, երբ ինքը սկսում է խոսել անհեթհեթ բաներ, ինչպիսին, օրինակ,
այդ նույնականացումն է՝ այն էլ հակառակ ուղղությամբ, որ այն ժամանակ ոստիկանությունը
մեղավոր չէր՝ ցուցարարներն էին մեղավոր, այս դեպքում ցուցարարները մեղք չունեին, ոստիկանությունն
է մեղավոր։
Եթե Վազգեն Գալստանյանն ասում
է, որ չի ուղղորդվում Ռոբերտ Քոչարյանի կողմից, կապ չունի նրա հետ, ապա ինչո՞ւ է փորձում
2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մեղքը վերագրել այն ժամանակվա ընդդիմությանը։
Ըստ Բարսեղյանի՝ Գալստանյանը կապ ունի Քոչարյանի հետ։ Գուցե անմիջական հրահանգներ չի
կատարում, սակայն իրար հետ կապվածություն ունեն։ Չլիներ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի
գլխավոր դերակատարներից մեկը՝ Վազգեն Գալստանյանը, ըստ Բարսեղյանի, հազիվ թե հիշեր
Մարտի 1-ը։ Բարսեղյանը օրինակ է բերում 2004 թվականի ապրիլի 12-ի գիշերը Բաղրամյան
պողոտայում, որի մասին Գալստանյանը չի հիշում, քանի որ Փաշինյանը այդտեղ որևէ դերակատարում
չի ունեցել։ «Հասկանալի է, որ չի հաջողել մերձքաղաքական դաշտում և անցնում է ամենաճղճիմ,
ամենաանճոռնի մեթոդներին, ինչ ասես՝ խոսեց։ Դա քաղաքականություն չէ։ Գալստանյանը ձախողվեց
այն բանից հետո, երբ պատշաճ հանրային համախմբում չկարողացավ ապահովել, մնում էր անցնել
բռնության կամ սադրանքների։ Ամսի 9-ի գիշերը փորձեց՝ չստացվեց. ճնշում էին ոստիկաններին՝
բացեք հա բացեք, պետք է մտնենք Ազգային ժողով։ Ընկե՛ր, դու ո՞վ ես, որ մտնես ԱԺ։ Կարգ
կա այնտեղ մտնելու համար։ Եթե որոշել ես գրավել պետական շենքեր, իսկ առանց թույլտվության
մտնել՝ նշանակում է գրավել, ապա պետք է պատրաստ լինես, որ Քրեական օրենսգրքով բան կա
նախատեսած։ Որտեղի՞ց եք հասկացել, որ եթե դուք մորուքավոր եք, սքեմով եք, խաչակիր եք,
կարող եք քրեական հանցագործություններ անել ու պահանջել, որ ձեզ քրեական պատասխանատվության
չենթարկեն դրա համար»։
Չի կարելի հունիսի 12-ի ոստիկանական
գործողությունները, ըստ Բարսեղյանի, նույնացնել նաև 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավման
ընթացքում Սարի թաղում տեղի ունեցած բռնությունների հետ։ Այսպիսի համեմատություն էր
արել Հայ ազգային կոնգրեսը իր հայտարարության մեջ։
Արդյո՞ք Գալստանյանը բախման տարավ
ժողովրդին, որպեսզի կարողանա դեմքը փրկելով նահանջել, և արդյո՞ք նահանջի համար նման
մեթոդներ են պետք։ Բարսեղյանի կարծիքով՝ նահանջը պարտություն չէ։ «Հմուտ զորավարը պետք
է լավ իմանա, թե որն է նահանջի ժամը։ Ես միամտաբար ենթադրում էի, որ Երևան հասնելուց
մեկ-երկու հանրահավաքից հետո, իր բողոքը իշխանություններին հասցնելուց հետո դա կլիներ
իր նախաձեռնած արշավի, պայքարի արժանապատիվ եզրափակումը՝ տեսնելով, որ բավարար հանրային
աջակցություն չի վայելում իշխանափոխություն ապահովելու համար... հոգևորականը, ենթադրում
եմ, պետք է ամեն ինչ աներ արյունահեղություն թույլ չտալու համար։ Սա նշանակում է, որ
իր հռետորաբանությունը պետք է զսպեր ու չխոսեր այնպես, ինչպես խոսում են ոչ հոգևորական
քաղաքական գործիչները։ Էլի անընդունելի է ատելության խոսք տարածելը, բայց երբ դա անում
է հոգևորականը, շոկ է առաջացնում հանրության մեջ»,- նշեց Լևոն Բարսեղյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան